ԱՄՆ վարչակազմը կարող է առաջիկա 24 ժամում ռազմական հարված հասցնել Իրանին, հայտնում է
Reuters գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի։
Գործակալության մեկ այլ աղբյուր նշել է, որ ամերիկյան միջամտությունը հավանական է։ Իր հերթին, իսրայելցի պաշտոնյան պնդել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ, սակայն դրանց ճշգրիտ մասշտաբներն ու ժամկետները դեռ հստակեցվում են։
Վերջերս Սպիտակ տան ղեկավարը կոչ էր արել Իրանի բնակիչներին շարունակել բողոքի ցույցերը՝ խոստանալով, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»։
Դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք կապված են ազգային արժույթի արժեզրկման հետ։ Ի պատասխան՝ իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները՝ ներառյալ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և օդաճնշիչ զենքի կիրառումը։
Ամենամասշտաբային ցույցերը տեղի են ունեցել Թեհրանում, իսկ ամենածանր բախումները գրանցվել են երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Մալեքշահա, Քերմանշահ և Լորդեգան քաղաքներում։