12-րդ դասարանի սովորողներն այսօր հանձնում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը՝ «Հայոց պատմություն» առարկայից: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննության ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: Նա շրջել է քննասենյակներում, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպմանը, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանը բոլորին հաջողություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանք կհաղթահարեն քննության դրական շեմը:
Երևանի թիվ 2 ավագ դպրոցում սովորում է 430 աշակերտ, որոնցից 130-ը՝ 12-րդ դասարանում: «Հայոց պատմություն» առարկայից ավարտական քննություն է հանձնում 100 սովորող:
Արաքսիա Սվաջյանը շրջել է նաև դասասենյակներում, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները, արդյոք առարկայական ծրագրերը նպաստո՞ւմ են գիտելիքի լիարժեք յուրացմանը:
Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: