Կադաստրի կոմիտեն Կառավարության N2126 միջոցառումների ծրագրով հանձնառություն էր ստացել, ըստ որի՝ պետք է իրականացներ սպասարկման գրասենյակների օպտիմալացում: Ինչպես հայտնի է, փուլային եղանակով իրականացվել են մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնցով հզոր զարկ է տրվել էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակին: Այդ են վկայում նաև թվային ցուցանիշները, համաձայն որոնց՝ եթե 2021 թվականին էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե էր ներկայացվել 180103 դիմում, ապա 2025 թվականին արդեն այդ թիվն աճել էր մի քանի անգամ ու հասել 705167-ի, մինչդեռ թղթային եղանակով ներկայացված դիմումների թիվը կազմել է 333.000: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ զեկուցելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Գործառույթների փոխակերպման ու օպտիմալացման համատեքստում է նաև, որ Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է իրականացրել իր կանոնադրության մեջ ևս, ինչի համաձայն՝ նախորդ տարի որոշակի քանակով սպասարկման գրասենյակներ փակվել են և ստեղծվել են նոր ստորաբաժանումներ՝ խորհրդատվական կենտրոններ, որոնք իրենց գործառույթաին առումով ավելի լայն ֆունկցիոնալություն ունեն, քան սպասարկման գրասենյակները»,- տեղեկացրել է ստորաբաժանման ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախորդ տարվա փոփոխությունների արդյունքում արդեն իսկ կան գործող 3 խորհրդատվական կենտրոններ: Հաջորդ փուլով արդեն նախատեսվում է, որ այդպիսի մեկական կենտրոններ կստեղծվեն բոլոր մարզերում, իսկ Երևանում դրանք կլինեն 2-ը:
«Հաշվի առնելով, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման մասին» օրենքում այս դիմումների ներկայացման գործընթացը նկարագրվում էր և կիրառվում էր «սպասարկման գրասենյակ» եզրույթը, նախագծով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել օրենքում և հստակ ամրագրել, որ դիմումների ներկայացումն իրականացվելու է ոչ թե սպասարկման գրասենյակներում, այլ խորհրդատվական կենտրոններում»,- նշել է զեկուցողը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են Կադաստրի կոմիտեի ֆինանսավորման ավելացման, պետական տուրքերի կրճատման հնարավորություններին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զեկուցողը դրանց տվել է սպառիչ պատասխաններ:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով նախագիծը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հայտնել է, որ այն նպատակ ունի ամրապնդել շուկայական գնահատման ոլորտի ընդլայնումն ու կայացումը, ինչպես նաև գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների և հանրության վստահության բարձրացումը:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որևէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: