Մեր եղբայրներն ընկել են, որ ՀՀ-ն ոտքի կանգնի, և ՀՀ-ն ոտքի է կանգնում, և կարող եմ ասել՝ ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր միջազգային գերտերությունների համար: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այնուամենայնիվ, ՀՀ-ն ՀՀ-ն է և ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձևակերպի:
Դեսպանների ներկայությամբ եմ ասում՝ մենք աշխարհը ճանաչելու հետ կապված, աշխարհում ինքներս մեզ հետ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք:
Այո՛, մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ, բայց մյուս կողմից չպետք է մոռանանք՝ իրենք ովքեր են, մենք ովքեր ենք: Ընդ որում՝ սրա մեջ ոչ մի բան չկա: Դա հասկանալու համար պետք է նայել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ին»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ անվտանգությունն այն է, երբ գիտես քո տեղն ու դիրքն աշխարհում, ապա այս համատեքստում բերեց Սինգապուրի օրինակը, որի տարածքը, ինչպես Փաշինյանն է բնորոշում, Սևանա լճի 2/3-րդի չափ է, մինչդեռ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 10 անգամ ՀՀ-ից մեծ է, բայց սա այն դեպքում, երբ Սինգապուրի բնակչությունը 5 մլն և ավելի է, իսկ ՀՀ բնակչությունը՝ 3 մլն:
«Այն ամենը, ինչ մենք այսօր ունենք, այդ թվում ինքնահայեցման արդյունք է: Եվ ուզում եմ բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել այսօրվա հանգրվանին հասնելու իրենց՝ մեզ ցուցաբերած աջակցության համար»,- ասաց նա: