Հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 4.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ դիմակավորված և զինված անձինք Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում փորձել են գողանալ տերմինալը:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգով մեկնած Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել Ջրարբի և Ջանֆիդա գյուղերի բնակիչ 27-ամյա երկու երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինգ, ձեռնոցներ, դիմակներ և ատրճանակ։
«Պարզվել է, որ երիտասարդները գողության նպատակով Գայ գյուղ էին եկել «ԲԻԴ» մակնիշի մեքենայով: Որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհին հայտնաբերվել է: Արմավիր գյուղի բնակիչ 35-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում՝ դիմակ և ատրճանակ:
Ձերբակալված երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում: