ԼՂ-ից տեղահանված 4040 ընտանիք բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արդեն ստացել է հավաստագիր, որից 1755-ն արդեն իրացվել են։ Այդ մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ հույս հայտնելով, որ տեմպը կարագանա:
«Ընթացքում եղել են նաև շտկումներ ծրագրում, և չեմ բացառում, որ էլի լինեն տեխնիկական շտկումներ, որովհետև տարբեր իրավիճակներ են բացահայտվում: Ծրագիրն ընթացքում լավարկվել է, և հնարավոր է, որ էլի լավարկվի»,- ասաց նա:
Հավաստագրերի տրամադրման և իրացման գործընթացում հիմնական խնդիրը, ըստ նախարարի, ՀՀ քաղաքացիություն ստանալն է։
«Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն տարբեր պատճառներով։ Ես չեմ կարող չնկատել և չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ, որովհետև իբր դրանով ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անձնական։ Չստանալ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլև պարտականություն, այդ թվում՝ օրինակ, ծառայություն ՀՀ զինված ուժերում։ Այդ շահարկումները, և ոչ միայն, ըստ էության, բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չեն ստացել քաղաքացիություն։
Կան նաև օբյեկտիվ պատճառներ. քաղաքացիություն ստանալու գործընթացը թեև հեշտացվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, այնուամենայնիվ, ժամանակ է պահանջում։ Երբեմն կարիք է լինում նաև դատական գործընթացների, որովհետև փաստաթղթերի պակաս է լինում և այլն։ Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության համար դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քաղաքական կայունությունը կնպաստեն քաղաքացիության համար դիմումների թվի աճին։
Օրեր առաջ նախարարությունից տեղեկացրել էին, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768-ն արդեն իրացրել է հավաստագիրը։