Ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ, այո՛, վերանայել ենք: Նաև այդ թեմաներով խոսակցություն ենք ունեցել, որ, այնուամենայնիվ, պետական ատրիբուտներ կան, որոնք պետք է պահենք: Այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ պետական արարողակարգի հարց է: Մենք պետք է այդ արարողակարգը պահենք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որոշումներից մեկի համաձայն՝ Կառավարության ղեկավարին սպասարկող մեքենայի պետհամարանիշն այսուհետ պետք է լինի Ultra Gold, Հայաստանի դրոշը և ընդամենը «1» թիվը, մինչդեռ երբ Փաշինյանը նոր էր ստանձնել պաշտոնը, հայտարարում էր՝ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա «գոլդ» համարներ:
«Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ. որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ» տառերն արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր… Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ լինի, այսինքն՝ հիմա ես էլ չպիտի գրեմ «NP 001»: Դա անձնական ընտրության հարց էր, իսկ այս դեպքում պետական ընտրության հարց է, և փոփոխությունն արվել է հենց այդ տրամաբանությամբ և արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն:
Մենք կարծում ենք՝ այո՛, այնուամենայնիվ, ինչքան էլ մենք ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ ոչ ֆորմալ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնելը: Կարծում ենք՝ պետք է զուգահեռ լինեն այդ երկուսը»,- ասաց նա: