Դեկտեմբերին ունեցել ենք 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության լավագույն ցուցանիշն է, այսինքն՝ չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 8-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության թվերին:
Ըստ Պապոյանի՝ տարվա 12 ամիսներից 7-ը զբոսաշրջիկների թվի առումով երբևէ լավագույնն է եղել Հայաստանի պատմության մեջ:
«Այս տարի ունենցել ենք 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից:
Պատմական լավագույն տարին եղել է 2023 թվականը, երբ ունեցել ենք 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի: Բայց, օրինակ, ՌԴ-ից այս տարի ունեցել ենք 216 հազարով պակաս զբոսաշրջիկ, քան 2023 թվականին, մինչդեռ քանի որ կարողացել ենք այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ ունենալ, դրա հաշվին նվազումն ընդամենը եղել է 50 հազար:
Մեր քաղաքականությունն այն մասին է լինելու, որ ՌԴ-ի մասնաբաժինը, որ 52-53 տոկոս է եղել, հիմա արդեն՝ 41 տոկոս, պահպանել ՌԴ-ի թվերը՝ շարունակելով ավելացնել, բայց այնպես, ինչպես կարողացել ենք 166 հազարով ավելացնել այլ երկրներից թվերը»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց գործոնները, որոնք ազդել են զբոսաշրջության թվերի աճի վրա. դրանք են՝ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, ավիացիոն շուկայի զարգացումը, որը Հայաստանն ավելի գրավիչ է դարձնում միջազգային ավիաընկերությունների համար, նաև խաղաղության գործընթացը: Ըստ Փաշինյանի՝ 2025 թվականի մարտի վերջին, երբ հայտարարվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասով համաձայնություն ձեռք բերելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջիկների թվի աճ կար: