ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ավարտական և միասնական քննություններին՝ տեղեկացնելով, որ արդեն մի քանի տարի է՝ միասնական քննությունները կազմակերպվում են տարեկան երկու անգամ և հանդիսանում են ընդունելության համակարգի կարևոր բաղադրիչ։
Առաջիկա օրերին դպրոցներում կմեկնարկեն համապատասխան քննական գործընթացները։ Այս համատեքստում ներկայացվել են նախորդ տարվա ընդունելության ցուցանիշները, որոնք, նախարարի գնահատմամբ, բավական ոգևորիչ են՝ հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում։
«Նախորդ տարի քոլեջներ են ընդունվել ավելի քան 16 հազար ուսանողներ։ Վերջին երեք տարիներին ունենք դրական շարունակական դինամիկա, ինչը ցույց է տալիս, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ավելի մեծ թվով շրջանավարտներ են ընտրում ՄԿՈՒ համակարգը»,– նշել է նախարարը՝ շեշտելով, որ ընդունելության աճը գրանցվել է գերակա մասնագիտություններով:
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ խոսքն արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների մասին է. նշյալ ուղղություններով սահմանված է առնվազն 50 հազար դրամ ամսական կրթաթոշակ։
«Եթե 2023–2024 ուսումնական տարում՝ ծրագրի մեկնարկի փուլում, այս ուղղություններով ընդունվել էր 874 ուսանող, ապա այժմ այդ թիվը հասել է 3040-ի։ Նախարարի խոսքով՝ սա հատկապես կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ նախկինում անգամ անվճար տեղերը հաճախ չէին համալրվում»,- ասել է նախարարը։