Նախորդ տարվա թիրախային ծրագրերից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ժամանակ մատնանշել է նախադպրոցական կրթության ոլորտում մինչև երկու տարեկան երեխաների մսուրի ծառայության ընդլայնումը և վաղ մանկության տարիքի խմբերի ստեղծումը։ Երևանի թիվ 44 և թիվ 86 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն բացվել են նման խմբեր: 2026 թ. առաջին եռամսյակում վերոնշյալ խմբերը կգործարկվեն նաև Երևանի, Գյումրու, Վանաձորի 2-ական և Հրազդանի 1-ական հաստատություններում: Ծրագիրը դեռևս փորձնական է. այս տարի կգործարկվի ևս մեկ խումբ՝ 6-12 ամսական երեխաների համար:
Այս ոլորտում, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախորդ տարի ևս մեկ կարևոր աշխատանք է շարունակվել. ավելի քան 161 նախադպրոցական ոչ պետական հաստատություններ են լիցենզավորվել: Արդեն իսկ գործում են շուրջ 250 լիցենզավորված ոչ պետական հաստատություններ, որոնցում սովորում են ավելի քան 10000 երեխաներ։
«Նախորդ տարվա համեմատ ավելի բարձր ցուցանիշ ունենք ներառականության մասով. մանկապարտեզներում այսօր սովորում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխաներ: Երբ մենք այս ծրագիրը սկսեցինք, ընդամենը 91 երեխա էր դրանում ընդգրկված. այս մեծ ճանապարհն անցել ենք միասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը նախադպրոցական հաստատություններում ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից:
Ըստ նրա՝ լավ ցուցանիշներ ու դինամիկա են առկա նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի շնորհման գործընթացում. 2025-ի ավարտի դրությամբ՝ տարակարգ ունի 70 մասնագետ. նրանք պետական բյուջեից ստանում են համապատասխանաբար 30 և 40% հավելավճարներ: