Միացյալ Նահանգները կուսումնասիրի Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին հետախուզական տվյալները: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը: Նրա գնահատմամբ՝ Կիևի կողմից «մի փոքր աննրբանկատություն» կլիներ նման հարձակում գործել, երբ հակամարտությունը մոտենում է խաղաղ համաձայնագրի կնքմանը: Ավելի վաղ ուկրաինական կողմը հերքել է հարվածի մասին տեղեկությունը:
Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են: ՌԴ ՊՆ-ն հայտնել է անցած գիշեր Սև ծովի, Բրյանսկի, Լիպեցկի շրջանների, Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի երկնքում ուկրաինական 86 ԱԹՍ-ի չեզոքացման մասին: Երեքշաբթի լույս չորեքշաբթիի գիշերն աշխատանքը դադարեցրել են Գելենջիկի, Յարոսլավլի, Կալուգայի և Իվանովոյի օդանավակայանները։ Լրատվամիջոցների տվյալով՝ Ուկրաինան գրոհել է Տուապսեում «Ռոսնեֆտի» գործարանը: Նշվում է, որ հարվածի հետևանքով նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել 300 քմ տարածքում: Այն արագ մարել են:
Ռուսական ուժերն էլ հարվածել են Օդեսային։ Վնասվել են բնակելի տներ, քաղաքը մասամբ հոսանքազրկվել է: Պայթյունի հետևանքով տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ Օդեսայում հարձակման հետևանքով տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: