ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Լուրերի հարցմանն ի պատասխան անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցին։
Հարց. Վերջին օրերին ակտիվ էին շփումները ԵՄ հետ՝ տարբեր ձևաչափերով, կայացան նաև անդամ երկրների հետ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերից կարծես դանդաղել էր միայն Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցը, կա՞ այս հարցում որոշակի փոփոխություն։
Պատասխան. Այո, այդ ուղղությամբ քննարկումները, այդ թվում՝ Ձեր նշած ձևաչափերում, միտված էին կոնկրետ արդյունքների, և մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը, ինչի մասին, ի դեպ, նախարար Միրզոյանն առանց փակագծեր բացելու նշեց ԵՄ ԱԳ նախարարների ձևաչափով երեկ կայացած հանդիպումից հետո։ ԵՄ ԱԳՆԽ շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը ԵՄ բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ և այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն, և անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը: