ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Ընթացիկ տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի և նշանավորվել է զբոսաշրջային այցելությունների բարձր ցուցանիշներով, իսկ մի շարք ամիսների ընթացքում՝ նույնիսկ պատմական արդյունքներով»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ ոլորտում գրանցված հաջողությունները Կառավարության կողմից իրականացվող նպատակային քաղաքականության արդյունք են՝ ուղղված շուկաների դիվերսիֆիկացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ տարվա ձեռքբերումները, կազմակերպված խոշոր համաժողովներն ու փառատոնները, միջազգային հարթակներում գրանցված հաջողությունները։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Հայաստանում ՄԱԿ֊ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, օտարերկրյա դեսպաններ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։
