Բելառուսից Լեհաստան ստորգետնյա թունելով, որը հայտնաբերվել է դեկտեմբերի 11-ին, ներթափանցել է ավելի քան 180 ապօրինի միգրանտ՝ տեղեկացնում է Լեհաստանի սահմանապահ ծառայությանը: Հաջողվել է ձերբակալել ավելի քան 130 ապօրինի ներգաղթյալի, մյուսների որոնումը շարունակվում է:
«Մի քանի տասնյակ մետր երկարությամբ և պատնեշի ու տեխնիկական ճանապարհի տակ կառուցված թունելը մոտավորապես 1,5 մետր բարձրություն ուներ։ Մուտքը, որը թաքնված էր անտառում, սահմանի բելառուսական կողմից մոտավորապես 50 մետր է հեռու, իսկ ելքը՝ լեհական կողմի ցանկապատից՝ մոտավորապես 10 մետր»,- ասել է Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը:
Ձերբակալվածների մեծ մասը Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ են, երկիր են մուտք գործել նաև Հնդկաստանի, Նեպալի և Բանգլադեշի անձնագրերով մարդիկ: Այս անգամ տեղի իրավապահներին հաջողվել է ձերբակալել ոչ միայն ապօրինի ներգաղթյալների մեծ մասին, այլև երկու վարորդի, որոնք, հավանաբար, պետք է ներգաղթյալներին տեղափոխեին Արևմտյան Եվրոպայի երկրներ: Խոսքը Լեհաստանի 69-ամյա և Լիտվայի 49-ամյա քաղաքացիների մասին է։
Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ միայն այս տարի Պոդլյանսկի սահմանային վարչությունը Բելառուսի հետ սահմանի մոտ փորված արդեն չորս թունելն է հայտնաբերել։ Իսկ ամեն տարի մոտ 30000 մարդ է փորձում անօրինական հատել Բելառուսի ու Լեհաստանի սահմանը։