ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացիորեն Ուկրաինայի առջև կանաչ լույս է վառել Ռուսաստանի «ստվերային նավատորմին» հարվածներ հասցնելու համար՝ հաղորդել է The Atlantic-ը՝ հղում անելով ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաներին: Պարբերականը նշել է, որ եթե Ջո Բայդենի օրոք Վաշինգտոնը վախենում էր էսկալացիայից և դեմ էր միջազգային ջրերում ռուսական նավերի վրա հարձակումներին, ապա հանրապետական վարչակազմի ժամանակ մոտեցումը փոխվել է։
The Atlantic-ի տեղեկություններով՝ Թրամփը չի առարկել միջազգային ջրերում ՌԴ նավթային լոգիստիկային ուղղված հարվածներին և մի շարք դեպքերում հավանություն է տվել Կիևին հետախուզական տվյալների փոխանցմանը, որոնք օգտագործվել են Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքի օբյեկտները խոցելու համար:
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան, խաղաղ բանակցություններն արագացնելու նպատակով Կիևի վրա ԱՄՆ-ի ճնշման ֆոնին, պայթեցրել է ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» հինգ լցանավ: Սև ծովում հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Մոսկվան տեղի ունեցածն անվանել է «ծովահենություն» և սպառնացել է հայելային հարվածներ հասցնել Ուկրաինական ապրանքներ արտահանող նավերին։