UNEA-7-ի շրջանակում հանդիպում ունեցա ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։ Այս մասին հայտնում է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձանք սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ անդրադառնալով այն ուղղություններին, որոնք պահանջում են հավելյալ ջանքեր։
Կարևորեցինք գործակցության շարունակականությունը՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայունության օրակարգի շրջանակում համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից։
Առանձին ուշադրություն դարձրեցինք COP17-ի կազմակերպչական գործընթացին։
Քննարկեցինք սպասվող աշխատանքների հիմնական փուլերը, նախապատրաստական առաջնահերթությունները և այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել գործընթացի արդյունավետ, թափանցիկ և համակարգված ընթացք։
Ներկայացրեցի մեր տեսլականը՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել գործընկերների լայն ներգրավվածությամբ, աշխատանքային հստակ օրակարգով և ժամանակացույցի պահպանմամբ։
Հաստատեցինք մեր պատրաստակամությունը շարունակելու ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածելու կոնկրետ գործողությունների և ամրապնդելով համատեղ ջանքերը՝ շրջակա միջավայրի պաշտպանության, կայուն զարգացման և ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղությամբ»,-նշել է նա։