Կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝
ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,
բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,
գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,
դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ՝
Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ, ներկա է եղել նաև վարչապետը: