Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում քննարկումներ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ: Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն ուշադրության կենտրոնում է եղել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը և անվտանգության երաշխիքները: «Խաղաղությունը պետք է իսկապես հուսալի լինի: Պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի: Հիմա շատ բան կախված է ղեկավարների քայլերից»,- հանդիպումից հետո նշել է Զելենսկին:
Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահը կմեկնի Իռլանդիա: Մինչ այդ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու գործում ակտիվորեն ներգրավվելու համար: Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը: Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է` նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Ռուբիոյի խոսքով՝ խնդիրը միայն պատերազմի ավարտը չէ, այլև Ուկրաինայի ապագայի ապահովումը:
Ումերովն իր հերթին հանդիպումը որակել էր արդյունավետ և հաջող:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին սպասվում է Ուիթքոֆի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս շաբաթ նաև Կիևում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դեն Դրիսկոլին:
Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական հարվածներից Դնեպրում 4 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել: Իսկ ուկրաինական հարվածներից Բելգորոդում կա 1 զոհ, 1 վիրավոր:
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում