Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է:
ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, դիմելով հարցի զեկուցող, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին, ասաց՝ հանրության համար արժի շեշտել, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց այսպիսի պայմանագրի առկայության պատճառով, մասնավորապես Եվրոպական միության և Կանադայի միջև:
Նա խնդրեց մանրամասնել՝ այդ գործընթացն ինչպես է տեղի ունեցել:
Կոնտանյանը, ի պատասխան, ասաց՝ հենց նույնպիսի գործընթաց է անցել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան հրավիրելու ընթացքում:
«Մենք, ըստ էության, ունենք այդ անհրաժեշտ իրավապայմանագրային բազան՝ թե՛ ուժերի կարգավիճակի, թե՛ առաքելության կարգավիճակի հետ կապված, որտեղ ֆիքսվում է մանդատի շրջանակը, որի մասին հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկումներ էին տեղի ունեցել: Ոչ միայն Կանադան, այլև ԵՄ անդամ հանդիսացող այլ պետություններ նույնպես կան, որոնք նմանօրինակ համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, ինչպես, օրինակ, Շվեյցարիան, Նորվեգիան և այլ պետություններ»,- ասաց նա:
Կոստանյանը հակիրճ հիշեցրեց՝ ինչպես է տեղի ունեցել Հայաստանի պարագայում՝ մեր երկիրը հրավիրեց Եվրոպական միությանը քաղաքացիական առաքելություն ուղարկել, որից հետո բանակցվեց մանդատը, ապա տեղակայվեց, և դրանից հետո նաև ԵՄ յուրաքանչյուր՝ ոչ անդամ երկրի պարագայում որոշումներ կայացվեցին դրանց ներգրավման հետ կապված:
Ի հավելումն՝ Մարիա Կարապետյանն ընդգծեց՝ ԵՄ-ն ունի նմանատիպ պայմանագիր ոչ միայն Կանադայի հետ, այլև տասնյակից ավելի նման պայմանագրեր ունի տարբեր երկրների հետ, և այդ երկրները, ունենալով նման պայմանագիր, պարտավորություն չեն ունեցել միանալու Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությանը:
«Սա ասում եմ ինչի համար՝ ցույց տալու, որ պայմանագիրը դեռևս չի ենթադրում պարտավորություն՝ մասնակցելու նման առաքելությունների: Սա ընդամենը շրջանակային փաստաթուղթ է, պայմանագիրը ընդամենը ընդհանուր շրջանակն է սահմանում, որը նման առաքելությունների մասնակցելու դեպքում հեշտացնում է երկրի և ԵՄ-ի միջև համագործակցությունը»,- նշեց ՔՊ խմբակցության պատգամավորը: