Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, ծանր վիրավորում է ստացել Ազգային գվարդիայի երկու զինծառայող:
Կրակոցներ արձակած անձը ևս վիրավոր է, նա ձերբակալվել է: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ նա երկիր է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին: CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հարձակվողին նույնականացրել են որպես Աֆղանստանի 29-ամյա քաղաքացի Ռահմանուլլա Լականվալ։
Ազգային գվարդիայի անդամների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումը որակել է որպես ահաբեկչական ակտ։ Կրակոցներից անմիջապես հետո Truth Social-ում իր գրառման մեջ Թրամփը կրակողին անվանել է «կենդանի»։ Ամերիկացի առաջնորդը նաև շեշտել է, որ նա շատ բարձր գին կվճարի իր գործողությունների համար։
Ավելի ուշ ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, Թրամփը հայտարարել է.
«Դա մեր ամբողջ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր: Մենք չենք հանդուրժի օրենքն ու կարգը խախտող նման հարձակումները այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ չպետք է գտնվեին մեր երկրում»։
Ամերիկացի առաջնորդը նաև հաստատել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է Վաշինգտոնում տեղակայել Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինծառայող։
«Մենք Ամերիկան կրկին կդարձնենք բացարձակապես անվտանգ»,- հավելել է նա՝ շնորհակալություն հայտնելով հետախուզական գործակալություններին։