Մենք Հայաստանին տեղեկացնում ենք բոլոր այն փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում և ընդունվում են քարտուղարության մակարդակով՝ Հավաքական անվտանգության խորհրդից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Նրանք չեն մասնակցում քննարկմանը, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի սահմանափակ ձևաչափով ընդունմանը, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում: Այդ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են: Մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որ իրենք դեմ չեն այդ փաստաթղթերի սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- ասել է պաշտոնյան։
Տասմագամբետովը նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցը օրակարգից չի հանվում: Նա նշել է, որ Հայաստանն անկախ ինքնիշխան պետություն է և իրավունք ունի անդամակցել այս կամ այն կազմակերպությանը կամ դադարեցնել իր գործունեությունը: