Առողջապահության նախարարությունն այս անգամ հյուրընկալել էր երևանյան բժշկական կազմակերպությունների` «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն առանձին աշխատանքային քննարկումներ է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ արձանագրված ցուցանիշների, առկա խնդիրների շուրջ:
Քննարկվել են նախորդ երկու տարիներին իրականացված մանկաբուժական ծառայությունների ծավալի ու որակի հետ կապված հարցերը, ներկայացվել է մանկական նեղ մասնագիտական, նորածնային, մանկական վիրաբուժական ծառայությունների ընթացքը, ինչպես նաև` այս ոլորտում ներդրվող պետական ծրագրերի արդյունավետությունը:
Արմեն Գասպարյանն ընդգծել է հիվանդանոցային, այդ թվում` մանկական վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման որակական չափանիշների նկատմամբ հսկողության սահմանման կարևորությունը:
Նախարար տեղակալի հանձնարարականով` նախատեսվում է երեխաների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական կազմակերպությունները կցագրել Երևանի 3-րդ մակարդակի բժշկական կազմակերպություններին` մեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով, որը կրելու է ռոտացիոն բնույթ:
Քննարկվել է նաև մանկաբուժական նոր ծառայությունների ստեղծման, մասնագետների լրացուցիչ վերապատրաստումների հարցը:
Այս ձևաչափով հանդիպումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում: