ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Այս գործընթացում կարևորվել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակին: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում էլ ընդգծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նշանակությունը: