Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկյան ռազմական պատվիրակության ներկայացուցիչներին և ստացել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագրի նախագիծը, որը, ըստ Վաշինգտոնի, կարող է խթանել դիվանագիտությունը։ Ուկրաինայի նախագահն ամերիկյան կողմին է ներկայացրել իր երկրի առաջնահերթությունները՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել պատերազմի արժանապատիվ դադարեցման՝ առանց խաթարելու Ուկրաինայի ինքնիշխանությունը: «Մենք աջակցում ենք բոլոր իմաստալից առաջարկներին: Պատրաստ ենք շարունակել կառուցողականորեն աշխատանքն ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում մեր գործընկերների հետ»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Վոլոդիմիր Զելենսկին կքննարկի խաղաղության նախագիծը Դոնալդ Թրամփի հետ:
Սպիտակ տունը հայտարարել է, որ հաստատակամ են Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում: Եվրամիությունից ևս արձագանքել են: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շեշտել է՝ Ուկրաինայի հարցով որևէ համաձայնություն չի կարող ձեռք բերվել առանց եվրոպական կողմի աջակցության:
Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդել էին, որ ԱՄՆ-ն մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր և դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ: Լրատվամիջոցները նշում են, որ 28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց: ԱՄՆ-ը Կիևին առաջարկում է նաև հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Անդրադառնալով այս հրապարակումներին՝ Կրեմլի խոսնակը կրկնել է՝ Ալյասկայում քննարկումներից հետո որևէ նոր զարգացում չկա:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: