Լոգիստի լուծումները վկայում են այն մասին, որ կա մեծ ներուժ, որը մենք պետք է բացահայտենք: Այս մասին Ղազախստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն»,- նշել է նա։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այլընտրանքային լոգիստիկ ուղիների, այդ թվում՝ երկաթուղային և օդային, ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի ակտիվացման համար։ Նա նշել է, որ միջազգային առևտրում լոգիստիկ ծախսերը և հնարավորությունները կարևոր նշանակություն ունեն։ Այս համատեքստում Ղազախստանի հետ նոր լոգիստիկ լուծումներ գտնելը Հայաստանին մեծ հնարավորություն է ընձեռում։ Որպես օրինակ՝ փոխվարչապետը նշել է ցորենի ներկրումը, որը ցույց է տվել այլընտրանքային մատակարարումների կարևորությունը։
Անդրադառնալով Հայաստանի Կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է դրա լուրջ տարածաշրջանային նշանակությունը։
«Անհնարին է, որ «Խաղաղության խաչմերուկը» մեծ լոգիստիկ նշանակություն չունենա մեծ ռեգիոնալ իմաստով»,- ասել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ Ղազախստանը ևս կլինի «Խաղաղության խաչմերուկի» շահառուներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու, նշել է փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Ավելի ուշ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։