Ղազախստանի նախագահի նստավայրում՝ «Ակորդա» պալատում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Հանդիման ժամանակ նախագահ Տոկաևն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար դրան մեծ կարևորություն է տրվում:
«ՀՀ մեծարգո՛ վարչապետ, բարի գալուստ Ղազախստան: Ձեր այցը շատ կարևոր է երկու երկրների, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար, հետևաբար հարաբերությունները մեր նոր լիցք են ստանում, և մենք վստահ ենք, որ դա նաև նոր խթան կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար:
Սա ձեր առաջին պաշտոնական այց է Ղազախստան, հետևաբար մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս: Հուսով եմ, որ այն լավ կանցնի, և հուսով եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական:
Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն»,- ասել է Տոկաևը:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստան-Ղազախստան հարաբեությունների նոր շրջափուլը բացվել է նախորդ տարի Տոկաևի՝ ՀՀ կատարած այցի արդյունքներով:
«Մեծարգո՛ պարոն նախագահ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու և ջերմ ընդունելության համար: Իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և ուզում եմ ընդգծել այդ գործում ձեր անձնական ներդրումը, դերը և շնորհակալություն հայտնել դրա համար, որովհետև կարծում եմ, որ մեր հարաբեությունների նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի ձեր՝ ՀՀ կատարած պատոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվել է, մյուսը մասը կատարման ընթացքի մեջ է, և սա իսկապես շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է: Համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք:
Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը և ձեր կողմից հյուրընկալվելը, նաև մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների և մեր երկու երկների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչն ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման և խորացման համար»,- ասել է Փաշինյանը: