Հանդիպել եմ Ավստրիայի Հանրապետության Գյուղատնտեսության և անտառտնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի դաշնային նախարար Նորբերտ Թոթշնիգին։ Այս մասին հայտնում է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Քննարկել ենք բնապահպանական ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացիկ ծրագրերը և նոր գործընկերության հնարավորությունները։
Շնորհակալություն եմ հայտնել Ավստրիային՝ Հայաստանում շրջակա միջավայրի կառավարման և մոնիթորինգային համակարգերի կատարելագործման ուղղությամբ երկարամյա աջակցության համար։ Ընդգծել եմ, որ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության և ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ մշակված օդի որակի մոնիթորինգի բարելավման հայեցակարգը կարևոր դեր ունի Հայաստան եվրամիություն Համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրի (CEPA - ՀԸԳՀ) պահանջներին համապատասխանող ժամանակակից մոտեցումներ ձևավորելու գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ջրային ռեսուրսների կառավարման, լաբորատոր կարողությունների հզորացման ու պետական հաստատությունների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված գործնական քայլերին։
Քննարկման առանցքային թեմաներից են եղել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 16-րդ Կողմերի համաժողովի (CBD COP16) արդյունքները։ Բարձր եմ գնահատել Ավստրիայի դերը COP16-ում ընդունված կարևոր որոշումների՝ այդ թվում Կալիի հիմնադրամի ստեղծման և բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների դերի ընդլայնման գործընթացներում։
Հայաստանը ակնկալում է Ավստրիայի շարունակական աջակցությունը նաև COP17-ի նախապատրաստական և օրակարգի ձևավորման աշխատանքներում»,-նշել է նա։