Այս շաբաթվա ընթացքում խնդրում եմ տալ այն կառուցապատողների ցանկը, որոնց նկատմամբ ամենաշատ արձանագրություններն են կազմվել աշխատանքների ընթացքում փոշեկլանիչ ցանցերի բացակայության համար: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով.
«Մենք պարբերաբար երևանցիներին պետք է տեղեկացնենք մեր կառուցապատողների պարտաճանաչության մասին և կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որոնք չարամտորեն շարունակում են խուսափել ցանցերի տեղադրումից: Կարծում եմ, դրանից հետո նրանք երկար կսկսեն մտածել:
Բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, անհատապես, որ մարդիկ իմանան՝ ինչ պատասխանատվությամբ ընկերություններ են, ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ, ումից են տուն գնում»։