Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բեյրութ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բուդապեշտը որոշում է կայացրել օգնություն ուղարկել Լիբանանին՝ Ուկրաինային ֆինանսավորելու փոխարեն: Խոսքը 1,5 մլն եվրոյի մասին է: Միջոցները տրամադրվելու են Լիբանանի զինված ուժերին աջակցելու համար:
Սիյարտոյի խոսքով՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը բխում է Հունգարիայի ազգային անվտանգության շահերից, և Լիբանանի կայունությունը դրա բանալին է:
Բուդապեշտում պարզաբանել են, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամում իրենց մասնաբաժինը չեն օգտագործի Ուկրաինային զինելու համար։ Բացի դրանից՝ Հունգարիան կես միլիոն եվրո կհատկացնի Լիբանանին՝ աջակցելու կրթական և հումանիտար ծրագրերին:
Ավելի վաղ Սիյարտոն նշել էր, որ Եվրամիությունը պետք է դադարի եվրոպացի հարկատուների փողերն ուղարկել Ուկրաինա: