Մինչև տարվա վերջ կամփոփվեն TRIPP-ի իրավական կամ կանոնադրական խնդիրները՝ ձևակերպված տեքստով, 2026-ի առաջին կեսին կընդունվեն դրանից բխող բոլոր որոշումները՝ համատեղ ձեռնարկության հիմնադրման, կառուցապատման իրավունքի, կառավարության և մյուս ինստիտուտների համար ենթադրվող որոշումները, և 2026 թվականի երկրորդ կեսին արդեն կսկսվեն բուն շինարարական աշխատանքները: Որտեղի՞ց պետք է սկսել. որը շուտ ստացվի: Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով TRIPP նախագծի իրականացման ժամանակացույցը:
«Ուզում եմ չթաքցնել նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկում էինք նաև այս հարցը, և կարծես եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ իրականացվողն էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է: Բայց դա նախնական քննարկում էր, և հետագա քննարկումների ընթացքում ավելի կկոնկրետացվի և հասկանալի կդառնա:
Ընդհանուր առմամբ պիտի իմ ընկալումն ասեմ, որ որևէ կասկած չունեմ... ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացման համար, որովհետև բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, և մեզ մնում է ընդամենն իրագործել համաձայնությունը: Իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի»,- ասաց նա: