Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նոր հիմք է ստեղծում էկոլոգիական իրավունքի զարգացման, բնապահպանական համաձայնագրերի արդյունավետ իրականացման և շրջակա միջավայրի վերաբերյալ արդարադատության մատչելիության բարձրացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հուշագրի ստորագրմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։
Նախաձեռնության նպատակն է ձևավորել շարունակական և կառուցողական համագործակցություն երկու կառույցների միջև՝
-
մշակելու և իրականացնելու դասընթացների մոդուլներ՝ հիմնված էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների վրա,
-
կազմակերպելու համատեղ միջոցառումներ, սեմինարներ և կոնֆերանսներ՝ արդարադատության համակարգի մասնագետների էկոլոգիական իրազեկվածությունը բարձրացնելու համար,
-
ընդլայնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
Այս հուշագիրը կարևոր քայլ է՝ մի կողմից ապահովելով բնապահպանական իրավունքի կիրառման ամրապնդումը, մյուս կողմից՝ նպաստելով արդարադատության ոլորտում մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանը։