Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև անկլավներին վերաբերող հարցին, նշեց՝ ինքը անկլավներին վերաբերող գրառում արել է, որովհետև չի կարող այսպիսի գրառում չանել:
«ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից: Եվ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի»,- պարզաբանեց վարչապետը:
Ճշտող հարցին՝ ինչ ճանապարհով է դա տեղի ունենալու, վարչապետը պատասխանեց՝ սահմանազատման:
«Սահմանազատման գործընթացի ճանապարհով: Մենք ասել ենք նաև, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի»,- հայտնեց վարչապետը:
Ինչ վերաբերում է սցենարներին, նշեց՝ նախ՝ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի՝ ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում:
«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը: Երբ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի և կարձանագրվի, այդ ժամանակ մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ օրինակ՝ Արծվաշենի դեպքում քննարկվում է, որ արժե այլ սցենարների գնալ և այլն, և այլն:
«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց ՀՀ ժողովրդի կամարտահայտման»,- ընդգծեց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ եթե խոսք լինի տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել:
«Ընդ որում՝ դա իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ դա տեղի ունենալ չի կարող»,- հավելեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, դրա գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, ու այդ շրջանակում տեղի պետք է ունենան աշխատանքներ:
Վարչապետն ընդգծեց՝ իր ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իր ասածների մեջ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում որ Արծվաշենը վերադարձնելու մասին խոսելիս սցենարների մասով կա համաձայնություն, վարչապետը հերքեց:
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։