Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի շրջանների մի քանի նավթաքիմիական գործարանների վրա, որոնք բանակին կարևոր ռեսուրսներ են մատակարարում։
Երկու պայթյուն է տեղի ունեցել Բաշկիրիայի Ստեռլիտամակ քաղաքում, անօդաչու սարքերը հարձակվել են արդյունաբերական համալիրի վրա, որը մասնագիտացած է կաուչուկների, իոնոլի, ավիացիոն բենզինի արտադրությամբ և մտնում է «Ռոսխիմ» քիմիական հոլդինգի մեջ։
Ավելի քան 10 պայթյուն էլ լսվել է Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում: Տեղական Telegram ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում են երկու նավթային օբյեկտներ՝ «ՍԻԲՈՒՐ-Կստովոն» և «Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ռուսաստանի շրջանների վրայով թռչող ընդհանուր առմամբ 85 ուկրաինական դրոն:
Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Ռուսաստանի բազմաթիվ օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում և մի շարք այլ քաղաքներում, ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների մեկնումներն ու ժամանումները:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանն էլ է շարունակել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները ուկրաինական քաղաքների դեմ: Կիևում հայտարարվել է օդային հարձակման տագնապ, իսկ Խարկովում պայթյունների շարք է տեղի ունեցել: Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 11-ը: