ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի հետ։
«Հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խթանել փոխշահավետ համագործակցությունը և նորարարական նախագծերի իրականացումը։
Իմ խոսքում ընդգծել եմ AWS-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և միջազգային գործընկերությունների ընդլայնման տեսանկյունից։
Քննարկումների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև համաշխարհային տեխնոլոգիական միտումներին, տարբեր ոլորտներում ամպային ծառայությունների ներդրման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև թվային ինքնիշխանության մոդելին և AWS European Sovereign Cloud-ին։
Այս համատեքստում նշել եմ, որ AWS-ի Եվրոպական ինքնիշխան ամպային ծառայությունը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական տեսլականին՝ համատեղելով տվյալների անվտանգությունը, նորարարական զարգացումները և տնտեսական առաջընթացը։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք ընդգծել ենք համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրերով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացմանը նպաստելու կարևորությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։