Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին չէր տեղեկացրել միջուկային զենքի նոր փորձարկումներ անցկացնելու ծրագրերի մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ չնայած դա Միացյալ Նահանգների ինքնիշխան որոշումն է, Ռուսաստանը կարող է հակադարձել այդ քայլին, քանի որ այն խախտում է գործող մորատորիումները։
Պեսկովը հերքել է այն մեղադրանքները, որ Ռուսաստանը միջուկային փորձարկումներ է անցկացրել։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները Մոսկվայի կողմից ենթադրյալ միջուկային փորձարկումների մասին իրականությանը չեն համապատասխանում։ «Մենք հույս ունենք, որ «Բուրեվեստնիկ» և «Պոսեյդոն» համակարգերի մասին տեղեկատվությունները ճիշտ են փոխանցվել նախագահ Թրամփին՝ նշելով, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես միջուկային փորձարկումներ»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Միջուկային զենք փորձարկելու մտադրության մասին Թրամփի հայտարարությանն արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ը: Նախարարության խոսնակ Գուո Ցզյակունի խոսքով՝ Պեկինը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը չի վերանայի իր պարտավորությունները Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրով, հաղորդում է Global Times-ը։
Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը այդ պայմանագիրը ստորագրել են 1996 թվականին, բայց այն դեռ չեն վավերացրել։