««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է՝ կրթության, հետազոտության և արդյունաբերության ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակով՝ ապահովելու տնտեսվարող սուբյեկտների պահանջները բավարարող առաջադիմական կրթություն և հետազոտական արդի միջավայր։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ստացվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։
UCL-ն իր գերազանցության մոդելն այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնելու նպատակով մատուցում է խորհրդատվական ծառայություններ միայն իր դուստր կազմակերպության՝ Միացյալ Թագավորության օրենսդրությամբ հիմնադրված և գործող «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության միջոցով։ Այսինքն, միայն «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունն (այսուհետ՝ «Կազմակերպություն») ունի բացառիկ իրավունք UCL-ի անունից մատուցել խորհրդատվական ծառայություններ՝ UCL-ի հարուստ փորձը վճարովի հիմունքներով տարածելու նպատակով։ Կազմակերպությունը, կիրառելով UCL-ի եզակի փորձը, օժանդակում է ուսումնական հաստատություններին իրենց վերափոխման գործընթացում` խթանելով երկարաժամկետ կայուն զարգացումը, ինչպես նաև համակարգային մտածողությունը և նորարարությունը։
Սույն որոշման ընդունմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ մեկ անձից գնման ձևով` Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման համար, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովելու Ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը: