ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցում են Եվրոպական խորհրդարանի, Արևելյան գործընկերության երկրների պատգամավորներ, դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նստաշրջանի պաշտոնական բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
Այնուհետև ողջույնի խոսքով Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից ներկաներին ողջունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ ջերմ ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Պարո՛ն նախագահ, Ձեր հյուրընկալությունն ու հանձնառությունը վկայում են այն մասին, որ մեծ կարևորություն եք տալիս եվրոպական երկխոսությանն ու համագործակցությանը»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ավելին է, քան պարզապես երկխոսության հարթակ: «Այն վառ օրինակն է մեր հավաքական քաղաքական կամքի: Սա հնարավորություն և հարթակ է, որտեղ Եվրամիությունն ու գործընկերներն Արևելյան Եվրոպայում կարող են համատեղ ստեղծել իրենց ընդհանուր ապագան, որը հիմնված կլինի խաղաղության, ժողովրդավարության, բարգավաճման և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա»,- նշել է Յունուս Օմարջին: Ըստ նրա՝ Եվրոպական խորհրդարանն աջակցում է Արևելյան գործընկերների ջանքերին՝ կերտելու ավելի ուժեղ, ժողովրդավարական և ապահով հասարակություններ:
Զեկուցողը ողջունել և կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությանն ուղղված ջանքերը: Նշվել է, որ Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցելու այդ գործընթացին:
Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ խաղաղությունը և խաղաղության համաձայնագիրը որակելով պատմական ձեռքբերում: Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ եվրոպական դիրքորոշմանը՝ նա շեշտել է. «Մենք միաձայն և հանձնառու աջակցում ենք այս գործընթացին»: ԽՎ համանախագահը հավելել է. «Այստեղ՝ Երևանում, ես միայն վստահության շունչ եմ զգում, ես միայն լավ տրամադրության, նորարարական գաղափարների շունչ եմ զգում, զգում եմ խիզախության և համագործակցության շունչ ու համատեղ ճակատագրի: Սրա մասին է Եվրանեսթը՝ վերականգնվող ապագայի, և ժամանակն է գործել համատեղ ուժերով»:
Նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար, խոսել մեր երկրի ժողովրդավարական ձգտումների մասին ու ընդգծել. «Մենք վստահում ենք ձեր ժողովրդավարությանը, մենք վստահում ենք ձեր երկրին ու ձեր կառավարությանը»:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Oդրոնե Պերկաուսկիենեն ելույթ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի անունից:
Այնուհետև ելույթ ունեցողները պատմական քայլ են համարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը: Դա տարածաշրջանը մոտեցրել է կայունության և երկարաժամկետ խաղաղության: Վերջիններս նշել են, որ աջակցում են կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նշվել է, որ Հայաստանն իր արժեքային համակարգով ավելի է մոտենում Եվրոպային: Կարծիք է հնչել, որ 2027 թվականին Արևելյան գործընկերության քաղաքականությունը պետք է շարունակի առաջնահերթություն դիտարկել անվտանգության բաղադրիչը՝ բարձրացնելով դիմակայունությունն ապատեղեկատվության տարածման հարցում: Անդրադարձ է եղել նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ժողովրդավարական ինստիտուտների, արևելյան գործընկերության երկրների արդյունավետ համագործակցության կարևորությանը: Զեկուցողները ողջունել են այն փաստը, որ Հայաստանն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքը: