ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները՝ կարևորելով երկու երկրների միջև նորարարական ներուժի և փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադարձել ենք նաև կիբեռանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ) և տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության հեռանկարներին՝ հաշվի առնելով տվյալ ուղղություններում Հայաստանի աճող ներուժը։
Իմ խոսքում բարձր եմ գնահատել դեսպանի այցը՝ որպես Հայաստանի և Արգենտինայի միջև տեխնոլոգիական ու գիտակրթական կապերի ամրապնդման կարևոր քայլ: Կարևորել եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Ներկայացրել եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ընթացքը՝ ընդգծելով ոլորտի էկոհամակարգի ձևավորման առաջընթացը։ Նշել եմ, որ ԲՏԱ նախարարությունն իրականացնում է ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված նորարարական միջավայրի ձևավորմանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, կրթական ու գիտահետազոտական ծրագրերի աջակցմանը և միջազգային համագործակցությունների խորացմանը։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել ենք համատեղ ծրագրերի ձևավորման հեռանկարները՝ փորձի փոխանակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից»,- նշված է գրառման մեջ։