Հանրահայտ Forbes ամսագրում հրապարակվել է իմ հեղինակած հոդվածը, որում ներկայացրել եմ Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։ Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ընդգծել եմ, որ պետական քաղաքականությունների միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական էկոհամակարգ, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։
Հոդվածում վերլուծել եմ, թե ինչպես են տարբեր երկրներ, կիրառելով արդյունավետ հարկային քաղաքականություն և տեխնոլոգիական խթաններ, ձևավորում նորարարական տնտեսություններ և արագացնում արհեստական բանականության (ԱԲ), գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) զարգացումը։ Նշել եմ, որ հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք՝ գիտական և տեխնոլոգիական առաջընթացը խթանելու համար։
Անդրադարձ եմ կատարել Հայաստանի նոր տեխնոլոգիական ռազմավարությանը՝ ներկայացնելով պետական աջակցության այն ծրագրերն ու հարկային արտոնությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից։ Դրանց թվում են տաղանդների ներգրավման և վերապատրաստման խրախուսումը, փոքր տեխնոլոգիական բիզնեսների համար շրջանառության հարկի նվազեցումը, ինչպես նաև գիտահետազոտական թիմերի համար հարկային ծանրաբեռնվածության զգալի թեթևացումը։
Ընդգծել եմ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ, որը կարևոր քայլ է երկրի ԱԲ ներուժի զարգացման ուղղությամբ»,- գրել է նախարարը։