Առաջին անգամ է, որ մենք ՀՀ բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում: Այսինքն, ըստ էության, առաջին անգամն է, որ բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում: Նաև առիթից ուզում եմ օգտվել, ևս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի՝ Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և այդ խաղաղությունն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ընդգծել, որ արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, և կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբեք, երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,-ասաց վարչապետը: