Մենք պատրաստ ենք օր առաջ, հենց այս պահին սկսել խորհրդակցությունները ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի պայմանագրի ստորագրումը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հուսով եմ, որ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման քայլը՝ ստորագրումը և հետագայում վավերացումը, նույնպես կանենք: Բայց նաև ուզում եմ չհանգեցնենք միայն դրան. բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան, ուղղություններ կամ աշխատանքներ՝ սկսած սահմանազատումից, վերջացրած հումանիտար հարցերով, գերիներով: Աշխատանք շատ կա՝ անկախ բուն ստորագրումից»,- նշեց նախարարը:
«Մի կոմպոնենտ էլ եմ ուզում ասել. մենք մշտապես կարևորել ենք խաղաղության պայմանագրի ստորագրումը այն ընկալումով, որ դա կարևոր է, նաև այն ընկալումով, որ դրանով հաստատվելու է խաղաղություն: Հիմա այն պայմաններում և այն հնչեղությամբ, որ տեղի ունեցավ նախաստորագրումը` ուղեկցվելով հռչակագրով, որ երկրների առաջնորդները ստորագրեցին, և նաև մոլորակի գրեթե բոլոր պետությունների, միջազգային կառույցների կողմից ողջունելը և նաև հենց երկրների ղեկավարների կողմից ստորագրումից հետո մեդիայի հետ շփման ընթացքում և հետո էլ մինչ օրս հնչող հայտարարությունները անընդհատ հավաստում են, որ խաղաղությունը հաստատված է: Անընդհատ երկրների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը` պահել և զարգացնել խաղաղությունը: Այս առումով այն կարևոր հանգրվանը, որը մենք ուզում ենք՝ խաղաղություն հաստատում, ստորագրությամբ տեղի է ունեցել:
Գուցե մի քիչ չափազանցություն լինի, բայց կարծիք կա, որ սրա ֆոնին և դրա պայմաններում ստորագրումը գործընթացի ավելի շատ տեխնիկական շարունակություն է և ինստիտուցիոնալացում»,- ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այն սկսվել է շատ ավելի շուտ. «12 կմ և ավելի եղել է, կա ընկալում՝ ոնց է շարունակվում: Ենթակառուցվածքների մասով` հենց էսօր մենք աշխատում ենք ամերիկյան կողմի հետ՝ TRIPP-ի իրականացման շուրջ: Երբ պատրաստ կլինեն իրավապայմանագրային կոմպոնենտները, մենք կսկսենք շինարարությունը: Սրանք պրոցեսներ են, որ զուգահեռ են ընթանում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կան բաներ, որտեղ իրար հետ չեն կարողանում համաձայնել: «Իրենք կարծում են, որ մենք պետք է Սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրեն, մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա: Նույն հավակնությունը կարող ենք ներկայացնել իրենց սահմանադրությանը: Այստեղ չունենք փոխըմբռնում»: