Ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը, և դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությանը:
«Ըստ էության, մենք Ադրբեջան Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունենք, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունենք, բայց իմ հայտարարությունը վերաբերում է բոլոր ուղղություններին, որովհետև կարող է պարզվել, որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա, և մենք դահլիճային պայմաններում չենք արձանագրում: Այսինքն՝ ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացնում է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները:
Իհարկե, այս հայտարարությունը որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք և ամբողջական: Այսինքն՝ կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենն իրականացնել»,- ասաց նա և հիշեցրեց, թե ինչի մասին են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերը: