60 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։
Նշենք՝ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1-ը։
Այսպիսով, Հարկային օրենսգրքում կատարվելու են հետևյալ փոփոխությունները. ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են, ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չլրացնել իրենց հայտարարագրերը: Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է:
2-րդ փոփոխությունը սոցիալական կրեդիտների համակարգում է։ Քաղաքացիները կկարողանան իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության և առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, եթե մուտք գործեն և անգամ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը հանձնեն կամ հաստատեն:
Իրականացվող երրորդ փոփոխությամբ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն կունենա տեղեկատվությանը։ Կոմիտեն որոշակի հասանելիություն կունենա տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը կսահմանվի մեկ դրույթ: Օրինակ՝ եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքն իր ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով քաղաքացին իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին: ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները և ինքնաշխատ կլրացվի:
Ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինելու: