Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ զրույցը նախաձեռնել է հունգարական կողմը։ Ռուսաստանի նախագահն Օրբանին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի բովանդակության մասին։
Վլադիրմիր Պուտինն ասել է, որ ռուսական կողմը մտադիր է ԱՄՆ-ի հետ քննարկել «հետագա գործողությունների ալգորիթմը՝ ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համատեքստում»։ Հունգարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ապահովել Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի անցկացման համար, ասվում է հայտարարության մեջ։
Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ: Գագաթնաժողովի հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Կողմերը պայմանավորվել են նախ բարձր մակարդակի բանակցություններ վարել։