Կիևից հայտնում են, որ վերջին 24 ժամում ռուսական հարվածներից Խարկովում վիրավորվել է ավելի քան 60 մարդ, միայն 50-ը՝ շրջանային հիվանդանոցի թիրախավորման հետևանքով: Փրկարարները հայտնել են, որ բուժհաստատության և հարակից շենքերը վնասվել են: Խարկովում նաև էլեկտրամատակարարման խափանումներ կան:
Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունների հետևանքով նաև ջրամատակարարման խնդիրների են բախվում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գործընկերների հետ քննարկում են այդ թվում գազի ներմուծման հարցը, քանի որ ռուսական ուժերը թիրախավորում են Հանրապետության գազի պահեստարանները:
Մոսկվայից էլ հայտնում են ուկրաինական հարվածների մասին: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ գիշերը ոչնչացվել է 40 անօդաչու թռչող սարք: Դրանք արձակվել են Բելգորոդի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերի, ինչպես նաև Ղրիմի ուղղությամբ: