Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 450 ԱԹՍ և 30 հրթիռ։ Կան ավերածություններ, զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում երկրի տարբեր շրջաններում էլեկտրա- և ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել Կիևի, Դոնեցկի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և այլ մարզերում։
Ըստ Զելենսկու՝ թիրախում են եղել նաև Զապորոժիեն և Խերսոնը։
«Անհրաժեշտ են ոչ թե դատարկ խոսքեր, այլ վճռական գործողություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի և G7-ի կողմից՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման և պատժամիջոցների հարցում»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։
Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը կրկին խոստացել է «մեծացնել ճնշումը»՝ խաղաղության հասնելու համար:
Նա չի բացառել, որ կխստացնի հակառուսական պատժամիջոցները: Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ արդեն սկսել է դա անել:
«Մենք զենք ենք վաճառում Հյուսիսատլանտյան դաշինքին, որի մեծ մասը գնում է Ուկրաինա: Կողմերը շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: