Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու երկու բանաձևը, որոնցում պաշտոնյային քննադատում էին կառավարման ոճի և մի շարք որոշումների համար, ինչպես նաև նրանից պահանջում էին վայր դնել լիազորությունները։
Առաջին բանաձևի նախաձեռնողները նշել են, որ Եվրամիությունն առանցքային հարցերի լուծման հարցում այժմ ավելի թույլ է թվում, քան երբևէ «Եվրահանձնաժողովի ղեկավարի համակարգված անարդյունավետության պատճառով»: Նրանք նաև մատնանշել են Ֆոն դեր Լայենի կայացրած որոշումների թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը, նրան մեղադրել են խոսքի ազատությունը ճնշելու և լիազորությունները գերազանցելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 179 մարդ, դեմ է արտահայտվել 378-ը, իսկ 37-ը նախընտրել է ձեռնպահ մնալ:
Երկրորդ բանաձևը պարունակել է առանց համապատասխան լիազորությունների գործարքներ կնքելու մեղադրանքներ։ Այդ փաստաթղթին կողմ է քվեարկել 133 պատգամավոր, դեմ՝ 383, իսկ 78-ը ձեռնպահ է մնացել: