ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները, որոնք ուղղված են եղել անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, բնակչության իրազեկվածության մակարդակի և արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում փրկարարների կողմից անցկացվել են սեմինար-դասախոսություններ փրկարարների աշխատանքի, դեպքերի և անվտանգության կանոնների վերաբերյալ, որոնց շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու փրկարարների մասնագիտական գործունեության առանձնահատկություններին, սովորելու ճիշտ և արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև յուրացնել տարրական, սակայն կյանք փրկող վարքականոններ։
Արտակարգ իրավիճակների կանխարգելման, բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման և կազմակերպված արձագանքման կարողությունների զարգացման նպատակով տարբեր դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, առևտրային կազմակերպություններում անց են կացվել նաև հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով: Նման վարժանքների անցկացումը հնարավորություն է տալիս գործնական պայմաններում մշակել արագ արձագանքման քայլեր, փորձարկել տարհանման և պաշտպանության տարբեր մեխանիզմներ, ինչպես նաև ձևավորել այն գիտակցությունն ու վարքագծային կանոնները, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ իրական վտանգի պահին։
«Հրդեհի դեպքում ընկերության և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում: Թեմայի ընտրությունն ինքնին կարևորում է վարժանքի նշանակությունը, քանի որ նպատակն էր ապահովել օդանավակայանի և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համատեղ, համակարգված և արդյունավետ կազմակերպումը հրդեհի դեպքում՝ բարձրացնելով արձագանքման արագությունն ու նվազեցնելով վնասներն ու ռիսկերը։
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կազմակերպվել և անց է կացվել օբյեկտային վարժանք՝ «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով: Վարժանքի հիմնական նպատակն էր ապահովել կենտրոնի աշխատակազմի տեղեկացվածությունն ու գործնական պատրաստվածությունը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում։ Այն միտված էր արդյունավետ մշակելու անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործողությունների հերթականությունը, արագ արձագանքման կարողությունը, անվտանգության կանոնների պահպանումը, ինչպես նաև ներգրավված անձանց կարողությունների կատարելագործումը՝ արտակարգ իրավիճակում համակարգված և ճիշտ գործելու համար։
Ըստ փրկարար ծառայության, նման շարունակական նախաձեռնություններն էական նշանակություն ունեն ինչպես բնակչության, այնպես էլ պատասխանատու ծառայությունների պատրաստվածության ամրապնդման և արտակարգ իրավիճակներում արդյունավետ համագործակցության ձևավորման գործում։