Երկուշաբթի Ֆրանսիան հայտնվել է ներքաղաքական ճգնաժամի նոր փուլում, քանի որ նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարական է տվել իր նոր կաբինետի հայտարարումից ընդամենը մի քանի ժամ անց՝ հայտնում է Reuters-ը։
«Երկուշաբթի առավոտյան այլևս պայմաններ չկային, որպեսզի ես կատարեի վարչապետի իմ պարտականությունները և թույլ տայի կառավարությանը վաղը ներկայանալ Ազգային ժողովին»,- ասել է Լըկորնյուն՝ հիմնվելով կուսակցությունների միջև ճկունության և փոխզիջման բացակայության վրա։
Կուսակցությունները «շարունակում են դիրքորոշում ընդունել, կարծես իրենք բացարձակ մեծամասնություն ունեն Ազգային ժողովում»,- բացատրել է Լըկորնյուն։ «Ես հայտնվեցի այնպիսի իրավիճակում, երբ պատրաստ էի փոխզիջման գնալ։ Բայց յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է, որ մյուս կուսակցությունն ընդունի իր ամբողջ ծրագիրը»,- ասել է նա։
Նա նաև ասել է, որ հաջորդ նախագահի ընտրության հեռանկարը «կուսակցական ախորժակներ» է առաջացնում:
Ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը պատգամավորներին անմիջապես կոչ է արել քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնանկության հարցը, մինչդեռ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան առաջարկել է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն։