ՀԱՄԱՍ-ի պատասխանը Գազայի հատվածում հրադադարի ծրագրին կառուցողական և նշանակալի քայլ է կայուն խաղաղության հասնելու ճանապարհին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր հարձակումները և պահպանի հրադադարի ծրագիրը։
«Պետք է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Գազա մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և կայուն խաղաղության հասնելու համար»,- հայտարարել Է Էրդողանը։
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել էր ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Որոշումը ողջունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իսրայելական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով իրենց աղբյուրները, նշել են, որ վաղը Եգիպտոսում նախատեսվում են բանակցություններ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև։ Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։